Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

12:46, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ: Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:


© 2009 ARMENPRESS.am