Մշակույթի ոլորտում մեծապես կարևորվում է կանանց դերը. մշակութային գործիչները շնորհավորում են մարտի 8-ի կապակցությամբ

11:35, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային գործիչները բարձր են գնահատում կին գործիչների դերը ոլորտում: «Արմենպրես»-ի  հետ զրույցում տոների առթիվ կանանց իրենց շնորհավորանքը փոխանցեցին հայաստանյան մշակութային գործիչները:

«Շնորհավորում եմ կանանց և աղջիկների տոնը: Այն տղամարդկանց տարվա սիրելի տոներից է: Մեր հայ կանայք հատկապես շատ ծանր ժամանակներ են անցկացրել, սակայն մաքառելով հաղթահարել են ամեն ինչ: Ցանկանում եմ, որ կնոջ այդ ուժը միշտ պահպանվի: Կանայք այսօր մեծ և պատասխանատու գործ են կատարում մեր երկրում: Գրականության մեջ վերջին տարիներին ևս բավականին լավ գրող կանայք, աղջիկներ ունենք: Կին գրողների տեսակարար կշիռը հատկապես երիտասարդության շրջանում ավելացել է»,-ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Գրողների միությունն ամեն տարի երիտասարդ գրողների խորհրդակցություն է անցկացնում, և Միլիտոնյանի համար տեսանելի է, որ հիմա ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են զբաղվում գրականությամբ: «Կանանց դերը գրականությունում մեծապես կարևորում եմ: Շատ լավ գրքեր են հրատարակում, ստեղծագործում են նաև մեր գրական մամուլում: Նրանց դերը մեծ է նաև հրապարակախոսությունում, թարգմանական արվեստում: Կանայք զգալի գործ են կատարում մշակույթի ոլորտում»,-նշեց նա:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ևս միացավ շնորհավորանքին: «Բոլոր հայ կանանց և աղջիկներին ցանկանում եմ առողջություն, ապրեն խաղաղ երկնքի տակ, ունենան ամուր ընտանիք և շատ զավակներ»,-ասաց նա:

Միությունը մարտի 7-ին բացեց մի ցուցահանդես, որի մասնակիցները նկարիչների միության միայն կին անդամներն էին: Մոտ 100 ստեղծագործող մասնակցեց այդ ցուցահանդեսին: Միությունում կանանց գործունեությունը շատ են կարևորում: «Մենք չունենք տղամարդ նկարիչների ցուցահանդես, սակայն ունենք կին նկարիչների ցուցահանդես: Վերջին տարիներին նկարչուհիների թիվն ավելացել է: Դա պայմանավորված է նրանով, որ բուհերի այդ բաժիններում ավելի շատ աղջիկներ են ընդունվում: Իմ սովորելու տարիներին հակառակն էր»,-եզրափակեց Աղամյանը:


© 2009 ARMENPRESS.am