ԱԺ պատգամավորները հանդիպում են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ

21:47, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպում են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակը, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը։ Միևնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև` Հայաստան – Եվրոպական միություն համաձայնագրին»,- նշել է Աշոտյանը։

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Աղվան Վարդանյանը, գտնվում են Վաշինգտոնում, որտեղ արդեն իսկ մի շարք հանդիպումներ են ունեցել:


© 2009 ARMENPRESS.am