Լիոնի քաղաքապետն անդրադարձել է Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին

19:19, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Քեփենեքյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:

Լրագրողներից մեկը, մասնավորապես, հարցրեց, թե ինչպես է նա վերաբերվում  Հայաստանից մի խումբ անհատների եւ կազմակերպությունների կողմից Երեւանի քույր քաղաքներին ուղղված բաց նամակին, որով նրանք կոչ են անում խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության հուշագիրը:

«Որքան գիտեմ, այս առնչությամբ  գործ է հարուցվել, եւ հետաքննությունը ընթացքի մեջ է: Եթե շատ հրեշավոր, արտասովոր մի բան տեղի ունեցած լիներ, քաղաքապետի հետ հանդիպմանը մենք  այդ հարցը չէինք կարող անմասն թողնել: Ամենավատն այդ հանրահռչակումն էր,  դրա շուրջ գովազդային մոտեցումների դրսեւորումը:  Ինչու եմ ասում այդպես, քանի որ  բարեկամ լինել նշանակում է դեմ առ դեմ ասել թերությունները, ոչ թե նամակ շրջանառության մեջ դնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am