ԵՄ-ն մտադիր Է իր համար բացառության հասնել ԱՄՆ-ի մաքսատուրքերի հարցում

18:02, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր Է իր համար բացառության հասնել մետաղների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի հարցում, որոնք Վաշինգտոնը պատրաստվում Է սահմանել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել Է առեւտրի հարցերի եվրակոմիսար Սեսիլյա Մալմստրյոմը: «Մենք եռանդուն քննարկում ենք անցկացնում ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ, որպեսզի նրանց բացատրենք, որ դա ճիշտ քայլ չԷ:

Մենք դեռեւս հուսով ենք, որ ԵՄ-ն կբացառվի»,-ասել Է նա: Մալմստրյոմի խոսքով՝ ԵՄ-ն հնարավոր ամեն ինչ անում Է, որպեսզի Վաշինգտոնը վերանայի իր որոշումը: «Դա վնաս կհասցնի անդրատլանտյան հարաբերություններին, ինչպես նաեւ գլոբալ առեւտրական համակարգին»,-հավելել Է եվրահանձնակատարը: Մալմստրյոմը նաեւ նշել Է, թե քանի որ առայժմ չկա ԱՄՆ-ի պաշտոնական որոշումը, Բրյուսելը պարզապես պատրաստվում Է ցանկացած ելքի: «Առայժմ չկա պաշտոնական որոշում, ուստի չկա Եվրամիության պաշտոնական արձագանքը»,-ասել Է նա: Եվրակոմիսարի խոսքով՝ ԵՄ-ն իր շուկան պաշտպանելու շտապ միջոցներ կձեռնարկի մաքսատուրքերի սահմանման դեպքում:

«ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում ԵՄ-ի շուկան կունենա պողպատի եւ ալյումինի զգալի ավելցուկ, որը մենք գնահատում ենք 15 մլն տոննա: Այդ կապակցությամբ մենք հարկադրված կլինենք շտապ միջոցներ ձեռնարկել մեր շուկան պաշտպանելու համար, բայց դրանք գլոբալ բնույթ չեն կրի»,-հայտարարել Է Մալմստրյոմը: Նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ի այդ քայլը ծանր հարված կհասցնի Եվրամիության տնտեսությանն ու աշխատաշուկային:

«Մենք իրադրության բորբոքում չենք ցանկանում, բայց այն միջոցառումները,- որոնցից, ես հուսով եմ, մենք կկարողանանք խուսափել, մենք դրա համար անում ենք հնարավոր ամեն ինչ,- ծանր հարված կհասցնեն ԵՄ-ի տնտեսությանն ու աշխատաշուկային»,-ասել Է նա: Եվրահանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն առեւտրական պատերազմ չի մղում ԱՄՆ-ի դեմ, բայց եւ չի կարող լռելյայն նայել տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք Էսկալացիա չենք ցանկանում, բայց մենք չենք կարող լուռ կանգնել, երբ կարող Է տուժել մեր տնտեսությունը»,-հավելել Է Մալմստրյոմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am