Մինսկի խմբի համանախագահը բացառել է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը

13:12, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ պահպանվել, սակայն խնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է խնդրի բանակցային կարգավորման գործընթացին և այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում շարունակում է ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ներառյալ Հելսինկիի եզրափակիչ ակտը և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման դրա հիմնարար սկզբունքները, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, սակայն հիմնախնդրի կարգավորումը չունի ռազմական ճանապարհ»,- նշել է նա:

Շոֆերն ընդգծել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևաչափում, որը կհանգեցնի երկարաժամկետ կարգավորման:

«Մենք շարունակելու ենք նպաստել նրան, որ նախագահներն ու արտգործնախարարները հանդիպեն հնարավորինս շուտ՝ հանուն առանցքային հարցերի շուրջ քննարկումների վերսկսման՝ հաշվի առնելով հրադադարի ռեժիմի պահպանման և 2017 թվականին Ժնևում, իսկ 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված քայլերի իրականացման կարևորությունը»,- ասել է համանախագահը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին՝ նա ընդգծել է, որ դա կարևոր քայլ կլինի, որը կապացուցի կողմերի հանձնառությունը շփման գծում լարվածության թուլացման հարցում:

Շոֆերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում կարևորել է կողմերի շրջանում անկեղծ ջանքերի առկայությունը: Առաջիկայում տարածաշրջան այցի վերաբերյալ նա որևէ տեղեկություն չի հաղորդել՝ նշելով, որ այդ հարցում գրաֆիկը դեռ հստակ չէ և պայմանավորված է տարածաշրջանում առկա ընտրական գործընթացներով:


© 2009 ARMENPRESS.am