Ինդոնեզիայում դիվանագիտական առաքելությունն ավարտող Աննա Աղաջանյանը հանդիպել է ԱԳ նախարարի հետ

12:22, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր առաքելության ավարտի կապակցությամբ մարտի 6-ին հանդիպում ունեցավ ԻՀ արտաքին գործերի նախարար Ռեթնո Մարսուդիի հետ։

Կարևորելով Ջակարտայում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նախարար Մարսուդին բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպանի գործունեությունը, ինչպես նաև գոհունակություն հայտնեց տարբեր ուղղություններով հայ-ինդոնեզական համագործակցության զարգացման կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Աննա Աղաջանյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, շեշտեց ԻՀ իշխանությունների և հատկապես ԱԳՆ կողմից ՀՀ դեսպանությանը մշտապես ցուցաբերած աջակցությունը։

Զրուցակիցները նաև կարծիքներ փոխանակեցին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ։


© 2009 ARMENPRESS.am