Հագուստս փակ է, բաց կամ սեքսուալ ոչինչ չկա. մոդել Անահիտ Հարությունյանը սիթքոմում մարմնավորած իր դերի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

21:39, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին ալիքով հեռարձակվող «Տանդեմ» կատակերգական սիթքոմը երկու դպրոցական ընկերների պատմություն է: Նրանցից մեկը երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն: Նրա` Հայաստան գալուն նպաստել է ԱՄՆ-ում բնակվող իր պապիկը, ում համար մեծ կարեւորություն ունի իր թոռանը հայ աղջկա հետ ամուսնացնելը: Սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել առօրյա իրականությանը:

«Տանդեմ»-ի դերասանական կազմում են Ֆելիքս Խաչատրյանը, Արման Նշանյանը, Վիկտորիա Սահակյանը, Լեոն Սարգսյանը, Սոֆյա Պողոսյանը, Տաթեւ Ղազարյանը, Արման Մեժլումյանը եւ Անահիտ Հարությունյանը:

«Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում մոդել Անահիտ Հարությունյանը պատմել է սիթքոմում նկարահանվելու առաջին փորձի եւ իր դերի մասին:

«Սիթքոմում  նկարահանվելու առաջարկն ստացել եմ Արման Նշանյանից: Հետո քասթինգի միջոցով ընտրվել եմ: Ես մարմնավորում եմ գինետան մենեջերին, որը միշտ տարված է իր աշխատանքով եւ ոչ ոքի ուշադրություն չի դարձնում. չնայած ամեն ինչ նկատում է: Բնույթով շատ խիստ է: Իմ դերի հետ կապված սիթքոմում սիրային զարգացումներ չկան: Պետք է շեշտեմ  նաեւ, որ հագուստս փակ է, բաց կամ սեքսուալ ոչինչ չկա»,- հայտնեց մոդելը:

Ի դեպ, վերջինս, խոսելով իր առաջին փորձի մասին, նշեց, որ վատ չի ստացվել: Իրեն շատ են օգնել մյուս դերասանները, որոնք փորձառու են: «Սկզբում մի փոքր վախենում էի, որովհետեւ ես մինչ այս ֆիլմում չեմ նկարահանվել: Չգիտեի՝ արդյունքն ինչ կլինի: Կարծում եմ հեռուստադիտողը շատ խիստ չի դատի եւ հաշվի կառնի, որ դերասանական կրթություն եւ փորձ չունեմ»,- հավելեց նա:

Հարցին՝ արդյոք նախկինում դերն է հանդիսացել առաջարկների մերժման պատճառը, մոդելը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող ասել, որ բաց տեսարաններում չեմ խաղա, բայց այլ տեսարանում կխաղամ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նախագիծ է եւ որտեղով է ցուցադրվելու»:

Մելինե Տոնոյան


© 2009 ARMENPRESS.am