Իրավապաշտպանները պահանջում են Բաքվում տեղի ունեցած խոշոր հրդեհի շուրջ մանրամասն քննություն անցկացնել

17:44, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապաշտպանները Ադրբեջանի իրավապահ մարմիններից պահանջում են Բաքվում մարտի 2-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի գործով մանրամասն քննություն իրականացնել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Բաքվի նարկոլոգիական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործով ձերբակալվել է կենտրոնում բուժում ստացող թմրամոլներից մեկը` Մուհամեդ Մամեդովը:

Մամեդովը խոստովանել է, որ ի նշան իրեն նարկոլոգիական կենտրոն բուժման տեղափոխած հարազատների դեմ բողոքի՝ ցանկացել է ինքնահրկիզվել, ինչի արդյունքում էլ տեղի է ունցել հրդեհը: 

Իրավապաշտպանները գտնում են, որ 25 մարդու կյանք խլած հրդեհի համար կան նաև այլ պատասխանատուներ և պահանջում են գործի մանրամասն քննություն: 

Նախնական վարկածի համաձայն` պատկան մարմինները հայտնել էին, որ Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել:

Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ընդհանուր առմամբ հիվանդանոցում եղել է ավելի քան 200 մարդ՝ հիվանդներ և բուժանձնակազմի անդամներ:

Հնարավոր չի եղել փրկել 25 մարդու կյանք:

 


© 2009 ARMENPRESS.am