Հայաստանում լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով կիրականացվեն օրենսդրական փոփոխություններ

17:43, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարեց ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը: Վարչապետը նշեց, որ ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից՝ 3 -ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը:

«Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում օրենսդրական թերի կարգավորումներով, մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված չեն լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, անհրաժեշտ խթանող մեխանիզմները, հստակ չեն նման պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը, ինչպես նաև կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև` կստեղծի բարենպաստ պայմաններ՝ բանկային ծառայությունների ընդլայնման համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը, այդ թվում անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցման, պարզեցման, ինչպես նաև՝ ոլորտը խթանելու մեխանիզմների հարցերին։

 


© 2009 ARMENPRESS.am