ՀՀ ապագա կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, 3 փոխվարչապետից և 17 նախարարից

15:34, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և 17 նախարարից։ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այլևս չի լինելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:

«Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հարությունյանը։

Հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություններին և վարչապետին ենթակա մարմիններ շրջանակը: Վարչապետին ենթակա մարմիններն են ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության ծառայությունը և պետական վերահսկողության ծառայությունը:


© 2009 ARMENPRESS.am