Սեւան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտը կշահագործվի այս տարվա հունիսին

15:30, 6 Մարտ, 2018

ԳԱՎԱՌ, 6 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հավաստմամբ՝ քաղաքային զբոսայգու հարեւանությամբ կառուցվող ֆուտբոլի մարզադաշտի շինարարական աշխատանքները, որոնք դադարեցված էին երկու տարի առաջ, կշարունակվեն եւ ավարտին կհասցվեն այս տարվա հունիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը,վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այցը Սեւան պայմանավորված է եղել հենց այս հանգամանքով: Տեղում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ հունիս ամսվա վերջը շահագործման հանձնել ֆուտբոլի մարզադաշտը: Շինարարական աշխատանքները ներառելու են ոչ միայն նախագծային փաստաթղթերով հաստատված ուղղությունները, այլ նաեւ ավելացվելու են տրիբունաներ, սանհանգույց, կատարվելու է պարսպապատում, վերանորոգվելու են զբոսայգի տանող կամարը, ճանապարհը: Մարզադաշտում առկա շինությունների հոսանքի հարցը եւս կստանա ժամանակակից լուծում. այն լինելու է արեւային էներգիայով:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ տեղում պետք է աշխատեն որակյալ մասնագետներ, հիշյալ կառույցը պետք է գտնվի ամենօրյա ուշադրության կենտրոնում. համայնքն ունի պարտավորություն ֆուտբոլի մարզադաշտի բնականոն շահագործման ապահովման հարցում»,-ընդգծեց Սարգիս Մուրադյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am