Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի  պատվիրակությանը

12:28, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն մարտի 5-ին ընդունել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի  (ՄԳՀԳ, UNOCHA) պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կենտրոնական Ասիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան գրասենյակի պատասխանատու Անվար Մունավվարովը, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Աբդուրահիմ Մուհիդովը, Աղետների արձագանքման ազգային հարցերով խորհրդական Նինո Լորդկիպանիձեն և Հայաստանի, Վրաստանի ու Թուրքմենստանի գծով աղետների արձագանքման ազգային խորհրդատու Աշոտ Սարգսյանը: 

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի հետագա համագործակցության հետ կապված հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՄԳՀԳ պատվիրակներն ԱԻ նախարարին ներկայացրեցին գրասենյակում իրականացված փոփոխությունները, նոր անդամներին և 2018թ. ծրագրերը:  

Իր խոսքում նախարար Տոնոյանը շնորհակալություն հայտնեց «Նաիրիտ» գործարանի հրդեհից հետո փորձագետներ տրամադրելու ԱԻ նախարարության խնդրանքին արագ արձագանքելու և արդյունավետ համագործակցության համար:   

ՄԳՀԳ ներկայացուցիչները վստահեցրեցին, որ անկախ գրասենյակում իրականացվող կառուցվածքային փոփոխություններից՝ ՀՀ ԱԻ նախարարության հետ սերտ փոխգործակցությունը շարունակվելու է: 

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարը հյուրերին հրավիրեց մասնակցելու  այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ կայանալիք միջոցառումներին (միջազգային գիտաժողով, համապետական վարժանք և այլն), որոնք անցկացվելու են «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո:


© 2009 ARMENPRESS.am