Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչական վտանգի պատճառով կշարունակի փակ մնալ

09:55, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որն ավելի վաղ հայտարարել էր միայն մեկ օրով աշխատանքները դադարեցնելու մասին, մարտի 6-ին ևս փակ կլինի. պատճառն ահաբեկչության մասին հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դեսպանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ առկա վտանգի անցնելուն պես իրենք կշարունակեն բնականոն աշխատանքը:

Միաժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունից հորդորել են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ բազմամարդ շրջաններից, դեսպանատան և դրա հարակից տարածքներից: Հայտնի զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելիս էլ հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել սեփական անվտանգությանն ու լինել զգոն:

Անկարայի նահանագապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ դեսպանատան կողմից ստացված հետախուզական տվյալների առնչությամբ, որոնց համաձայն հնարավոր են ահաբեկչական գործողություններ ԱՄՆ դեսպանատան կամ քաղաքացիների դեմ:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքները մարտի 5-ից: Նույն օրը քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով մեկ տասնյակից ավելի մարդկանց:


© 2009 ARMENPRESS.am