Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման շուրջ բանակցում է 4 պետության հետ

09:31, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ներկայում բանակցում է Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։  

Նրա խոսքով՝ տարածաշրջանում առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն այս ծրագրի անկյունաքարերից է։ Այն միտված է բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը, մոտարկմանը և ստանդարտացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը։ «Ծրագիրը կնպաստի ՀՀ փոխադրողների համար ցամաքային և ծովային փոխադրումներն օգտագործելու միջոցով դեպի միջազգային շուկաներ պարզեցված ընթացակարգով մուտք գործելուն։ Ծրագիրը հնարավորություն կտա նաև արագացնել և դյուրացնել արագ փչացող բեռների տարանցումը համապատասխան համաձայնագրի պայմանավորող կողմ հանդիսացող պետությունների սահմանները հատելիս»,-հավելեց Սամվել Ամիրխանյանը։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրով նախատեսվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված տուրքեր և վճարներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Այս ծրագրի մասին Հայաստանում հայտարարեց նաև Բուլղարիայի նախագահը:


© 2009 ARMENPRESS.am