Սաթիկ Սեյրանյանը մտադիր է Ժուռնալիստների միությունը դարձնել խնդիրների լուծման լուրջ դերակատար

09:50, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ժուռնալիստների միությունը ներկայում պատրաստվում է մի շարք փոփոխությունների: Միությունը կբարձրացնի ոլորտի ներքին խնդիրներն ու կփորձի լուծում տալ դրանց, կհամագործակցի նաև իրավաբանական գրասենյակների հետ՝ տարբեր խնդիրների դեպքում լրագրողներին աջակցություն ցուցաբերելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում անելիքներից խոսեց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

-Տիկին Սեյրանյան, համագումարի ժամանակ ուրվագծեցինք միության որոշակի խնդիրներ, հիմա, երբ դրանք ներսից տեսնելու հնարավորություն ունեք, որո՞նք կառանձնացնեք:

-Այս պահին միությունում լուրջ վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենում: Աշխատակիցների համար տարրական պայմաններ անգամ ապահովված չէին: Տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում կար ընդամենը մեկ համակարգիչ՝ այն էլ շատ անմխիթար վիճակում: Եվ դրանով աշխատում էր գործավարուհին: Չկար նույնիսկ էլեկտրոնային հաշվապահություն: Վերանորոգչական աշխատանքներին զուգահեռ  ուսումնասիրում ենք նաև հաշվապահությունը, ողջ փաստաթղթերը, համապատասխան հանձնաժողովի միջոցով գույքագրման աշխատանքներ են զուգահեռ ընթանում: Ինչպես ավելի վաղ ցանկություն էի հայտնել՝ աուդիտորական ընկերություն ենք հրավիրել: Վիճակն անմխիթար էր՝ ողջ փաստաթղթաշրջանառությունն իրականացվել է միայն թղթերով՝ քարե դար...   Ներկայումս նաև փորձում ենք կադաստրից որոշ փաստաթղթեր ձեռք բերել, որոշները վերականգնել: Այս վերականգնման գործընթացը բավականին ծավալուն և աշխատատար է: Կազմակերպչական բազմաթիվ հարցեր կան, որոնք փորձում ենք կանոնակարգել:

Այժմ բանակցություններ ենք վարում նաև միության տարածքը զբաղեցրած վարձակալների հետ: Բավական վատ պայմաններով պայմանագրեր են կնքվել, որոնք դեմ են միության շահերին: Ընդհանուր եզրահանգման չգալու դեպքում չի բացառվում, որ դատական կարգով փորձենք լուծել հարցերը: Միությունն ունի գույքային հնարավորություններ, սակայն, ցավոք, դրանցից օգտվել են միայն վարձակալները:

-Մարդկային ռեսուրսների մասով ի՞նչ կասեք:

-Ինչպես համագումարի ընթացքում նշեցի՝ որպես առաջադրված թեկնածու էլ ինձ հայտնի չէր, թե քանի անդամ ունի այս միությունը: Մամուլում նախկին ղեկավարության կողմից տարբեր թվեր էին նշվում: Այդ խնդրի առաջ կանգնած են նաև տարբեր ստեղծագործական միությունները: Եվ արդյունքում իրականացրեցինք մարդկային ռեսուրսի գնահատում: Հնչում էին բազմաթիվ թվեր, սակայն պարզվեց, որ միությունն ուներ 114 անդամ: Գործող կանոնադրությամբ՝ եթե երկու տարի անընդմեջ միության անդամը չի վճարում անդամավճար, ապա դուրս է գալիս անդամությունից: Եվ պարզվեց, որ կային մարդիկ, որոնք վաղուց մահացել են, բայց նրանց անունը որպես անդամ մաքրված չէր ցանկից, կային նույնիսկ այնպիսիները, որոնք տեղյակ չէին, որ 10 տարի շարունակ անդամավճար չեն վճարել: Սակայն այդ մարդիկ մեղավոր չեն, իրենց պարզապես պետք էր ժամանակին ծանուցել: Եվ քանի որ միությունն իրենց ստեղծագործական կյանքում որևէ դերակատարում չի ունեցել, չեն էլ իմացել, որ անդամավճարը վճարելու ժամանակն է: Փորձում ենք նաև կանոնակարգել, որ այսուհետ էլեկտրոնային և այլ տարբերակներով ծանուցվեն: Մեկ առ մեկ բոլորին զանգահարել ենք: Նրանց առաջարկվել է վճարել և վերականգնվել: Աշխատակազմից այս պահին որոշները կրճատվել են: Դեռ նոր աշխատակազմ չենք ձևավորել:

-Համագումարի ժամանակ Ձեր խոսքում նշել էիք, որ միության շենքն ավելի շատ կապվում է հումորային ակումբի անվան հետ: Այս պատկերացումը ցրելու համար ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու:

-Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծվի երկու կերպ: Նախ` պետք է բարձրացվի Ժուռնալիստների միության հեղինակությունը: Իսկ դա պետք է արվի ոչ միայն ուղղակի հայտարարություններով, այլ գործուն քայլերով: Լրագրության ոլորտում փորձառու իմ բազմաթիվ գործընկերներից շատերը միության անդամ չեն: Եվ նրանք ներկայումս պատրաստակամ են ներգրավվել: Հունիսին արտահերթ համագումար կանցկացնենք, և կանոնադրության հարցը կդրվի քննարկման: Միության կանոնադրությունը կհամապատասխանեցվի «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքին, կավելանան նաև որոշ գործառույթներ: Կանդամակցեն դաշտում ակտիվ գործող մի շարք լրագրողներ: Չափազանց կարևորում եմ նրանց գործուն մասնակցությունը, ես միայնակ ոչինչ չեմ կարող անել: Բազմաթիվ ծրագրեր առաջ կքաշենք, և ոլորտի պրոֆեսիոնալների հետ միասին շատ բան կկարողանանք փոխել:

-Ասացիք, որ ուզում եք նոր ծրագրեր առաջարկել, ի՞նչ նոր գործառույթներ կունենա միությունը, ի՞նչ էական քայլեր կիրականացվեն լրագրողների  համար:

-Առաջին հերթին դաշտում գործող պրոֆեսիոնալների մասնակցությամբ կստեղծենք էթիկայի հանձնաժողով: Ոլորտում կան բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք ունեն կանոնակարգման կարիք: Փորձենք մեր ներքին հարցերն ինքներս կարգավորել: Եվ քանի որ տարբեր լրատվամիջոցների և անհատ լրագրողների դեմ դատական հայցեր են ներկայացվում, մեղադրվում են ինչ-որ հարցերում, կարծում եմ՝ էթիկայի հանձնաժողովը կարող է դերակատարում ունենալ ներքին հարցերը քննարկելու, ներքին և արտաքին հարցերում արբիտրի դերակատարում ունենալու համար: Բավական աշխատանք ունենք կատարելու լրագրողների աշխատանքային պայմանների, նրանց իրավունքների պաշտպանության հարցում:

Պատանի ժուռնալիստների դպրոցը կլինի ոչ միայն ավագ դասարանցիների, այլ նաև լրագրողների համար: Կփորձենք և հայաստանյան, և արտերկրից տարբեր մեդիա փորձագետների մասնակցությամբ սեմինարներ, վարպետության դասեր անցկացնել: Մենք հիմա փորձում ենք նաև հասկանալ, թե լրագրողական դաշտում հատկապես որ մասնագիտացումների ուղղությամբ վարպետության դասերի կարիք կա, որպեսզի կարողանանք արդիական հարցեր բարձրացնել: Նախկինում դպրոցը ֆինանսական և կազմակերպչական շատ խնդիրներ ուներ:

-Տիկին Սեյրանյան, ընտրվելուց անմիջապես հետո նշել էիք, որ փաստաբանական ընկերության կամ անհատ փաստաբանի հետ կկնքեք պայմանագիր, որը կզբաղվի լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքերով, ի՞նչ աշխատանք է իրականացվել այս ուղղությամբ:

-Ինչպես նշել էի՝ մենք անպայման կհամագործակցենք իրավաբանական գրասենյակների հետ՝ տարբեր ատյանների և լրագրողների միջև խնդիրների դեպքում լրագրողներին աջակցություն ցուցաբերելու համար: Նախնական խոսակցություններ եղել են գրասենյակների հետ, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել, թե որի հետ կաշխատի միությունը:

- Վերջերս հանդիպեցիք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու նրա հանձնարարականը: Կարծեք թե առաջին դեպքն էր, որ լրագրողական համայնքի ներկայացուցիչը նման հարց էր քննարկում պաշտոնյայի հետ: Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Լրագրողական տարբեր կազմակերպություններ ևս շնորհակալ աշխատանք են կատարել՝ բազմիցս բարձրաձայնելով ոլորտի խնդիրների մասին: Խնդիրն ընդամենը բարձրաձայնելով, հայտարարության տեքստ տարածելով՝ լրագրողները խնդրին լուծում չեն կարող տալ: Մենք կարող էինք ընդամենը վարչության նիստ հրավիրել, ամենադաժան բառերով փնովել Երևանի քաղաքապետի այդ որոշումը: Սակայն դրա արդյունքում ոչինչ չէր էլ լինելու: Անելիք ունենք մեր գործուն մասնակցությամբ, միայն հայտարարությունները բավարար չեն: Փորձը ցույց է տվել, որ իշխանությունները որևէ հայտարարության նկատմամբ անտարբեր են և իմունիտետ են ձեռք բերել:  Որոշեցի դիմել քաղաքապետին, հանդիպել և քննարկել: Եվ եթե նրանք ուզում են մեր դաշտում որոշակի կանոնակարգում իրականացնել, մեր կարծիքը և ոլորտը կարգավորող օրենքները պետք է անպայման հաշվի առնեն: Քաղաքապետին հորդորեցի անպայման հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու, թե ինչն է հանդիսացել նման նախաձեռնության հիմք: Իսկ լրատվամիջոցներն էլ իրենց հերթին պետք է ներկայացնեին իրենց պահանջները, առաջարկները, որպեսզի համատեղ ուժերով կազմակերպվի աշխատանքը: Արդյունքում լրագրողների հետ հանդիպումը տեղի ունեցավ,  և պայմանավորվեցինք, որ քաղաքապետարանն իր առաջարկները կուղարկի լրագրողներին, իսկ նրանք էլ իրենց առաջարկներով կփորձեն գալ ընդհանուր եզրահանգման: Ինձ համար ավելի հեշտ էր զուտ դատապարտող հայտարարություն անելը, բայց ես ընտրեցի գործուն տարբերակը, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն որևէ փոփոխություն կատարելու ընթացքում:

-Ուրիշ ի՞նչ խնդիր եք տեսնում ոլորտում, որ կլուծեք նման տարբերակով:

-Մասնագիտական ոլորտում բազմաթիվ անելիքներ ունենք: Ունենք էթիկայի, մասնագիտական վերապատրաստման, ինքնակրթման հետ կապված խնդիրներ: Եվ կարծում եմ՝ առաջին հերթին մենք ինքներս մեր ներքին խնդիրները պետք է բարձրաձայնենք ու փորձենք լուծում տալ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի


© 2009 ARMENPRESS.am