Հայաստանը նախատեսում է սահմանափակել Եմենի քաղաքացիների մուտքը երկիր

15:39, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկա պայմաններում նախատեսում է հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների մուտքը ՀՀ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:  

«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակը լարված է, որն իր գագաթնակետին է հասել 2014 թվականին և մինչ օրս շարունակվում է գերլարված մնալ: Իրավիճակի կտրուկ վատթարացում է սպասվում նաև ներքաղաքական անհամաձայնությունների ներքո 2017թ. դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի սպանությունից հետո: Հնարավոր են նոր բախումներ, զինված ընդհարումներ: Որոշման ընդունմամբ ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշման կարգավորման շրջանակում ավելանում է նոր կետ, որը նախատեսում է Եմենի քաղաքացիներին և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման հետ կապված սահմանափակում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ներկա պայմաններում հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն:


© 2009 ARMENPRESS.am