Ղազախստանի դեսպանը երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժ է տեսնում    

15:17, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ղազախստանն ունեն կառուցողական եւ լավ գործընկերային հարաբերություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հեղինակած «Անկախության դարաշրջան» գրքին նվիրված ասուլիսի շրջանակում այս մասին հայտարարեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:

«Մինչդեռ տնտեսական, առեւտրային հարաբերությունները ավելին ցանկանալու տեղիք են տալիս, եւ դա, միգուցե, այդ հարաբերությունների զարգացման համար արդյունավետ մոդելների դեռեւս ոչ վերջնական ձեւավորման պատճառով:  Շատ ենք խոսում այն մասին, որ առկա առեւտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ,  բնականաբար, Ղազախստանը կարող է Հայաստանին տրամադրել ոչ ավելին, քան մյուս երկրներին, ինչպես եւ Հայաստանը Ղազախստանին:

Դեսպանը նշեց, որ Հայաստանը Ղազախստան հիմնականում արտահանում է գինի, կոնյակ, ոսկերչական արտադրանք:

«Հայաստանն ունի հրաշալի մտավոր կադրեր, մշակույթի, արվեստի ներկայացուցիչներ, մեծ անուններ, որոնք կարելի է անդադար հնչեցնել եւ նրանց մասին երկար խոսել: Ինչ վերաբերում է արտաքին գործընկերների հետ ունեցած Ղազախստանի առեւտրային հարաբերություններին, այն ձեւավորել է արտահանման հստակ մոդել եւ հնարավորություններ»,-ասաց Թիմուր Ուրազաեւը՝ Հայաստան ներկրվող արտադրանքից առանձնացնելով հացահատիկը, մեքենաշինական սարքավորումները եւ այլն:

Ղազախստանի դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: 

Անդրադառնալով Ղազախստանի նախագահի գրքին՝ նա նշեց, որ այնտեղ հստակ ներկայացված են այն բոլոր փուլերը, որոնցով անցել է Ղազախստանը 26 տարում:  

«Հստակ ժամանակագրությամբ եւ փաստերով այն փոխանցում է բոլոր դժվարությունները, որոնցով  անցել է Ղազախստանը (նաև Հայաստանը) անկախության տարիներին: Գիրքը մտածելու տեղիք է տալիս, թե ինչ չլուծված խնդիրներ կան, ինչ առաջադրանքներ, եւ ինչն է  պետք է բարելավել»,-եզրափակեց նա:


© 2009 ARMENPRESS.am