ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը վերջին շրջանի ամենակարևոր ձեռքբերումն է համարում

12:55, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն վերջին ժամանակաշրջանի ամենամեծ ձեռքբերումը համարում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ես կարծում եմ, որ մենք սրանից նաև օգուտներ կարող ենք ունենալ, և դա ակնհայտ է, որովհետև պարզ դարձավ Թուրքիայի իրական դեմքը, որ այդ երկիրն այս վարչակազմով շատ հեռու է քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Ռուստամյանը:

Միևնույն ժամանակ, Արմեն Ռուստամյանն ընդգծում է, որ Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են և պետք է ի վերջո կարգավորեն հարաբերությունները: «Սակայն այդ կարգավորումը չի կարող լինել նախապայմանների լեզվով: Ես կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համաձայնագրի մեջ շատ պարզ երկու նախադասություն պետք է գրվի: Եթե արձանագրություն ստորագրվի, շատ հստակ պետք է գրվի, որ Հայաստանը և Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ և այդ հարաբերությունների միջոցով ձեռնամուխ ենք լինում երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրների լուծմանը»,- մանրամասնեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ երկու երկրների միջև խնդիրները բազմազան են, որոնք իսկապես պետք է լուծել՝ հարաբերություններ ունենալով: Նրա գնահատմամբ՝ բոլոր այդ խնդիրների լուծումը պետք է տեղափոխել միջպետական հարաբերությունների դաշտ: «Մենք միշտ էլ կողմ ենք եղել այդպիսի հարաբերությունների հաստատմանը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը  2018թ. մարտի 1-ին հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարել է այդ մասին ծանուցել Թուրքիային: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:


© 2009 ARMENPRESS.am