Մարիա Զախարովան պատասխանել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության նպատակահարմարության մասին հարցին

19:01, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ստեփանակերտի մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին` նպատակահարմար համարո՞ւմ է Ստեփանակերտի վերադարձը բանակցություններին, Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ  հայտնի է.

«Այն արտահայտված է համապատասխան փաստաթղթերում, որոնք տեղադրված են արտաքին գործերի նախարարության կայքում: Եթե այդ հարցում նոր մանրամասներ կամ զարգացումներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման տեղյակ կպահենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 


© 2009 ARMENPRESS.am