Աֆղան Մուխտարլին իր ձերբակալության գլխավոր պատճառ է համարում Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործունեության լուսաբանումը

17:13, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով 2017թ. մայիսին Թբիլիսիում առևանգվել և տեղափոխվել էր Բաքու հայտարարել է, որ իր ձերբակալության պատճառը իշխող ալիևյան ընտանիքի կոռուպցիոն և անօրինական գործունեության լուսաբանումն է եղել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բաքվի Շեքիի շրջանի վճռաբեկ դատարանում մարտի 2-ին տեղի է ունեցել Աֆղան Մուխտարլիի վճռաբեկ բողոքի վերաբերյալ հերթական նիստը: Նիստի ժամանակ Աֆղան Մուխտարլին օգտվել է իրեն տրված խոսքի իրավունքից և ևս մեկ անգամ փորձել մերկացնել Ադրբեջանի իշխող ռեժիմի անօրինական և հակաժողովրդավարական քայլերը:

«Ես, թե Ադրբեջանում, թե Վրաստանում բնակվելու ընթացքում մշտապես եղել եմ Ալիևների ընտանիքի կոռուպցիոն և անօրինական գործունեությունը հետաքննող և լուսաբանող լրագրող: Ես հենց այդ հետաքննությունների պատճառով էլ ձերբակալվել եմ»,-հայտարարել է Աֆղան Մուխտարլին:

Մուխտարլին կրկին փաստել է, որ իրեն Վրաստանում ալիևյան ռեժիմի պատվերով առևանգել են Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները:

«Ինձ Վրաստանում առևանգելով տեղափոխեցին Ադրբեջան: Ադրբեջանի կառավարությունը այս գործն իրականացնելուց առաջ համաձայնության էր եկել վրացական կողմի հետ: Մերոնք ինձ առևանգելու շուրջ համաձայնություն ձեռք բերելուց առաջ վրացական կողմին վստահեցրել էին, որ սա աննշան գործ է, սակայն պարզվեց, որ այդպես չէ: Վրաստանն այս ամենի արդյունքում արժանացավ միջազգային մակարդակի քննադատությունների և ստիպված եղավ պատասխաններ տալ: Հարցն այնքան արծարծվեց, որ Վրաստանի նախագահն ստիպված եղավ երկու անգամ իմ առևանգման հետ կապված հայտարարություն տարածել: Վրաստանում իմ առևանգման շուրջ քրեական գործ է ընթանում»,- հավելել է Մուխտարլին:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Բացի այդ, Եվրախորհրդարանը դեռևս հունիսի 15-ին Վրաստանի իշխանություններին կոչ էր արել առավել մանրամասն ուսումնասիրել լրագրողի առևանգումը, իսկ Ադրբեջանին՝ ազատ արձակել ոչ միայն Աղֆան Մուխտարլըին, այլև մյուս բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք դատապարտված են իրենց կարծիքն արտահայտելու համար:   Ադրբեջանում Աֆխան Մուխտարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:  Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին:

 


© 2009 ARMENPRESS.am