ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման որոշումը

19:05, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշեց, որ նման որոշման պատճառը պարզ է ու հստակ:

«Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի ստորագրելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով` նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական շրջապատումը։ Դրանից բացի, ինչպես համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկում է որպես նախապայման կամ երբ այդ երկրի իշխանություններն անմիջական թիկունք են կանգնում Ադրբեջանի 2016թ․ ապրիլյան հարձակողական ոճին»,-ասաց Գասպար Կարապետյանը:

Արդյո՞ք Հայաստանը կարողացավ այս ընթացքում միջազգային հանրությանը տեղ հասցնել այն, որ Թուրքիայի առաջնորդների մոտ քաղաքական կամքը բացակայում է: Հարցին ի պատասխան Գասպար Կարապետյանը նշեց, որ թուրքական պետությունն այս ընթացքում առիթ ուներ ապացուցելու, թե իբր ինքը հետաքրքրված է իր հարեւան երկրների հետ լավ կապեր հաստատելու գործում։

«Այսօր իրականությունն այլ է: Թուրքիան Եվրամիության հետ կապերը վատթարացրել է, տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում Հյուսիսային Սիրիայում, մասնավորապես, Աֆրինում: Բոլորս էլ գիտենք, թե թուրք-ռուսական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են փոփոխությունների ենթարկվել, եւ այսօր դրսևորվում է Հայաստանի հետ խորհրդակցության մերժումը: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն արդեն քաջատեղյակ է Թուրքիայի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին»,-նշեց Գասպար Կարապետյանը:

Նա նշեց, որ ցանկացած պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր ազգային շահերով: «Անձնապես ես վստահ չեմ, որ նոր արձանագրությունների թղթածրար պիտի պատրաստվի, սակայն ապագայում, եթե այդպիսի իրադարձություն  տեղի ունենա, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր ազգային շահերով: Մենք Թուրքիայի հետ ունենք ցեղասպանության ճանաչման եւ հատուցման խնդիր, ունենք նաեւ 2015թ. համահայկական հռչակագիր, որով հայ ազգը միաձայն արտահայտվեց Հայաստանի պետության՝ որպես ցեղասպանության իրավական եւ լեգիտիմ պահանջատեր կողմ»,-հավելեց Գասպար Կարապետյանը:              

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ստորագրեցին  արձանագրություններ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»:


© 2009 ARMENPRESS.am