Մխիթարյանը հարձակողական կիսապաշտպանի կատարյալ օրինակ է. Համան

21:15, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի և «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Դիետմար Համանը Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ անդրադարձել է «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Համանն ընդգծել է, որ «Արսենալ»-ի միակ ֆուտբոլիստը, որին «Մանչեսթեր Սիթի»-ն կցանկանար ձեռք բերել, դա «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանն է:

«Նա շատ ընդունակ ֆուտբոլիստ է: Այո, կային պատճառներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հաջողության չհասնելու համար, սակայն նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Եթե կարողանաս առավելագույնը ստանալ Մխիթարյանից, ապա կտեսնես ֆուտբոլիստի, ում կցանկանար իր կազմում ունենալ ցանկացած ակումբ: Հենրիխը փոխանցումներ է կատարում, գոլեր խփում, ինձ համար նա հարձակողական կիսապաշտպանի կատարյալ օրինակ է: Եթե նրա մոտ ամեն ինչ ստացվի, ապա կտեսնեք բազմաթիվ զարմացած մարդկանց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Համանի խոսքն է մեջբերել Goal.com-ը:

Մարտի 1-ին կայանալու է Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը:


© 2009 ARMENPRESS.am