Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարը բացվել Է եռօրյա բողոքից հետո

09:52, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարը (հայտնի Է նաեւ որպես Տիրոջ Գերեզմանի տաճար) փետրվարի 28-ին տեղական ժամանակով 04:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) բացվել Է այն բանից հետո, երբ այն երեք օր փակ Էր ի նշան Երուսաղեմի իշխանությունների հարկային քաղաքականության դեմ բողոքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Տաճարը փետրվարի 25-ի տեղական ժամանակով կեսօրին անորոշ ժամանակով փակվել Էր ի նշան բողոքի եկեղեցական անշարժ գույքի որոշ տեսակների համար հարկերի եւ դրանց պարտքերի բռնագանձման՝ Երուսաղեմի քաղաքապետարանի գործողությունների դեմ:

Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը հայտնել Է, որ մունիցիպալ հարկի գանձման շուրջ ստեղծված իրադրության կարգավորման ուղիների որոնման համար կկազմվի հատուկ աշխատանքային խումբ՝ նախարար Ցախա Հանեգբիի գլխավորությամբ եւ ֆինանսների, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարությունների ու Երուսաղեմի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վարչապետի գերատեսչությունում նաեւ հավելել են, որ այդ խումբը բանակցություններ կվարի եկեղեցիների ներկայացուցիչների հետ, իսկ այդ ընթացքում Երուսաղեմի իշխանությունները դադարեցնում են հարկերի գանձման ընթացակարգերը, որոնք սկսվել են մի քանի շաբաթ առաջ:

Դրանից շատ չանցած եկեղեցիները հովվապետերը՝ Երուսաղմի Պատրիարք Թեոփիլոս Գ-ն, Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի Պատրիարք Նուրհան Մանուկյանը եւ Սուրբ Հողի ֆրանչիսկյան կուստոդ Ֆրանչեսկո Պատոնը փետրվարի 27-ին տարածած համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ «վարչապետի կառուցողական միջամտությունից հետո անհամբերությամբ սպասում են նախարար Հանեգբիի եւ բոլոր նրանց հետ հանդիպմանը, ովքեր սիրում են Երուսաղեմը», եւ հայտարարել են փետրվարի 28-ի վաղ առավոտյան Տիրոջ Գերեզմանի տաճարը բացելու մասին:


© 2009 ARMENPRESS.am