Վարդենիսցի Արմեն Ասլանյանն առաջին մրցանակով է վերադարձել խառը մարտարվեստների միջազգային առաջնությունից

21:58, 27 Փետրվար, 2018

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գործող «Բուդոյան եղբայրներ մարզական միության» սան, Վարդենիս քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտ Արմեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած Արեւելյան մարտարվեստների միջազգային ֆեդերացիայի հրավիրած բաց առաջնությունում, որով եւ ապահովել է աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռուսաստանի Արեւելյան մարտարվեստների միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, Վարդենիսում գործող «Բուդոյան եղբայրներ մարզական միություն» ՀԿ ղեկավար Արմեն Բուդոյանը, Մոսկվայում կայացած ֆեդերացիայի խառը մարտարվեստների բաց առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Դաղստանի եւ Ռուսաստանի Դաշնության 16 մարզերի մարզիկները:
«Հայաստանից Մոսկվայում կայացած առաջնությանը մասնակցեցին վարդենիսցի երկու մարզիկներ՝ Արմեն Ասլանյանը եւ Գարիկ Զաքոյանը: Արմեն Ասլանյանն արժանացավ ոսկե, Գարիկ Զաքոյանը՝ բրոնզե մեդալի: Սա մեզ համար լուրջ նվաճում էր, եւ պետք է, ոգեւորված այս հաջողությունից, առաջ շարժվենք: Մայիսի 9-ից 13-ին խառը մարտարվեստների աշխարհի առաջնությունը կայանալու է Հունաստանի Հռոդոս կղզում, որին մասնակցելու ուղեգիր արդեն նվաճել է Արմեն Ասլանյանը: Նա 48 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց 4 հաղթական գոտեմարտերի արդյունքում: Մենք առայժմ բանակցում ենք կազմակերպիչների հետ, որպեսզի աշխարհի առաջնությանը ներկայանանք ոչ թե 1, այլ 5 մարզիկներով, քանի որ մեր սաները հաջողությամբ լրացրել են միջազգային կարգի համապատասխան նորմաները: Այլ խոսքով՝ մենք կներկայանանք հավաքական թիմով»,- ներկայացրեց Արմեն Բուդոյանը:
«Բուդոյան եղբայրներ մարզական միությունը» հիմնադրվել է 2010 թվականին: Միության կազմում խառը մարտարվեստների մարզական խմբակներում ընդգրկված են մոտ 200 պատանիներ՝ Վարդենիսի տարածքի 13 համայնքներից:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am