Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը

19:59, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը:

«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով  երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը: Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարում միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, ասված է հայտարարության մեջ:

Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:

Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: 

 


© 2009 ARMENPRESS.am