Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կառուցելիս պետք է նայենք դեպի ապագան, երիտասարդները, 21-րդ դարը. Արմեն Սարգսյան

12:43, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդման հիմքում դնում է հայերի՝ համաշխարհային ազգ դառնալու սկզբունքը: Այս մասին նա խոսել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ընթացքում:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ մոդելով պետք է զարգանան Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Արմեն Սարգսյանն ասել է. «Դա այն մոդելն է, որով մենք՝ որպես հայեր, ապրելու ենք այս աշխարհում: Այդ մոդելն ինձ համար փակ մոդել չէ, բաց մոդել է: Ես ուզում եմ պատկերացնել, որ բոլոր հայերը պետք է ապրեն մի իրավիճակում, որտեղ կա փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ: Բոլորս՝ որպես հայեր, անկախ մեր գտնվելու և բնակության վայրից, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև մեր քաղաքացիական պարտքը պետք է կատարենք՝ ելնելով այդ սկզբունքից»:

ՀՀ նախագահի թեկնածուի համար Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդման մյուս կարևոր նախապայմանը հայաստանաբնակ հայերի և սփյուռքահայերի միջև տարբերություն չդնելն է, ինչպես նաև սփյուռքահայերի նպաստը՝ հայրենիքը զարգացնելու գործում: Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև հայացքը դեպի ապագան ուղղելու և 21-րդ դարի «գործիքներից» օգտվելու անհրաժեշտությունը:

«Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կառուցելիս պետք է նայենք դեպի ապագան, դեպի երիտասարդները, դեպի 21-րդ դարը: Այն գործիքները, որոնք օգտագործել ենք նախկինում՝ Հայաստան-սփյուռք կապը ամրապնդելու համար, այսօր պետք է տարբերվեն, քանի որ 21-րդ դարն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա՝ ավելացնելով, որ հայրենիքի և սփյուռքի միջև կապի ամրապնդման բանալին ազատ մտածելակերպ ունեցող երիտասարդների ձեռքում է:


© 2009 ARMENPRESS.am