Խորտակված անուրջներ, կամ՝ երբ թագավորը մերկ է. Էդգար Խաչատրյանի հոդվածն «Առավոտ»-ում

11:50, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Խորտակված անուրջներ, կամ՝ երբ թագավորը մերկ է Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի հերոսին` թագավորին, ոչ ոք չէր համարձակվում մատնացույց անել նրա մերկությունը

Նորություն չէ, որ Ադրբեջանում հաճախ են սուր արձագանքում Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, մեկնաբանություններին, մանավանդ, երբ դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Բայց այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական մամուլում վերջին օրերին՝ կապված Հայաստանի նախագահի ելույթների հետ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ու Մյունխենի Անվտանգության համաժողովում, դուրս է գալիս սովորական արձագանքի սահմաններից և ավելի շատ նմանվում է զանգվածային փսիխոզի: Ադրբեջանական մամուլի գրչակներն առանց իրար հերթ տալու, լարելով իրենց սահմանափակ երևակայության բոլոր հնարավորությունները, կեղծիքների ու աղավաղումների տարափ են տեղում` հետամուտ լինելով միայն մեկ սկզբունքի` թե ով առավել վիրավորական կարտահայտվի հարևան երկրի հասցեին՝ առանձնապես հոգ չտանելով գրված նյութի բովանդակությանը:

Բնական է, որ Ադրբեջանի նման երկրում, որը պատվավոր տեղ է զբաղեցնում առավել գրաքննվող երկրների միջազգային ինդեքսի առաջին տասնյակում, զազրախոսության՝ նման կարգի պոռթկումները հենց այնպես տեղի չեն ունենում, իսկ կոնկրետ այս պարագայում, կրում են հստակ ուղղորդված ու հրահանգված բնույթ: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների հասցեին այս կեղծիքների ու վիրավորանքների ալիքի հետևում կանգնած է Ադրբեջանի ղեկավարությունը:

Կարծում եմ՝ դժվար չէ գլխի ընկնել, թե ինչն է ստիպել Բաքվին ալեկոծել ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենայի չարչրկված ու մահու չափ ձանձրալի դարձած ռիթմերը: Հայաստանի նախագահի ելույթները թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ Մյունխենում, խփել են ուղիղ նշանակետին: Ադրբեջանում չեն կարողանում կուլ տալ նախագահի աներկբա վերլուծությունները` հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ իրերի ներկա դրության վերաբերյալ, որը, ինչպես հստակ ի ցույց դրեց Սերժ Սարգսյանը, Ադրբեջանին ոչ մի լավատեսության հիմք չի տալիս: Թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ Մյունխենում Հայաստանի նախագահի ելույթները հանդիպեցին դրական արձագանքի, իսկ Հայաստանի վարած քաղաքականությունն արժանացավ ամենաբարձր գնահատականի: Հատկապես խորհրդանշական էր, երբ Հայաստանին միաժամանակ գովում էին թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ռուսաստանը: Հայաստանը միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես արժանապատիվ ու վստահելի գործընկեր, տարածաշրջանային կարևոր դերակատար, որը հակասություններով լի այս դարաշրջանում փորձում է կամուրջներ կառուցել ու տարաձայնություններ հարթել:

Հայաստանի այս միջազգային կեցվածքը շեշտակիորեն հակադրվում է Ադրբեջանում իշխանությունների կողմից իր հասարակությանը հրամցվող այն միֆերին, թե իբր Հայաստանը խեղճուկրակ, մեկուսացված երկիր է, որը շուտով ծնկի է գալու` թույլ տալով, որ ադրբեջանական ասկյարը ոտաբոբիկ զբոսանքի գնա թե՛ Արցախ, թե՛ նույնիսկ մինչև Երևան` չշրջանցելով Սևանը: Այս ամբողջ պատրանքը փլվում է խաղաքարտե տնակի նման: Երբ Հայաստանի նախագահը նման գովեստների է արժանանում Եվրոպայում, թարսի պես հենց այդ նույն օրերին մեկ այլ միջազգային խորհրդաժողովում` Դավոսում, Ադրբեջանի նախագահը հրապարակավ ստորացվում է` այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ու մամուլի անազատության համար քննադատության ենթարկվելով ողջ աշխարհի աչքի առջև: Դե էլ ինչպես պահի իրեն հարևան երկրի արքան, երբ անուրջները խորտակվում են մեկը մյուսի հետևից, երբ տասնամյակներով իր հասարակությանը սնած կեղծիքները դուրս են գալիս ջրի երես: Հենց սա չեն կարողանում մարսել Բաքվում, հենց սա է կանգնել նրանց կոկորդին:

Բաքվում գիտակցում են, որ մարդկային մտքի զարգացումը հզոր ուժ է, որի դեմը չեն կարողանում առնել նույնիսկ բռնապետերը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, գոնե որոշ չափով, աստիճանաբար հասանելի են դառնում նաև Ադրբեջանի քաղաքացիներին: Թեև այսօր դեռ ոչ ոք չի համարձակվում Ադրբեջանում բարձրաձայնել, որ «թագավորը մերկ է», բայց այդ օրը սարերի հետևում չէ: Սրա վկայությունն այն է, որ չնայած ամեն ինչ բացարձակ վերահսկողության տակ պահելու՝ ադրբեջանական իշխանությունների փորձերին, համացանցում ամեն օր կարելի է հանդիպել հասարակ ադրբեջանցիների հեգնանքի ու ծաղրի դրսևորումներին, որոնց թիրախում սեփական իշխանություններն ու նրանց հորինած փուչ իրականությունն է: Այս ամենը, բնականաբար, տեսնում են նաև Ադրբեջանը ղեկավարողները և ջղաձգորեն փորձում են շտկել իրավիճակը` գոնե սեփական հասարակության աչքերում:

Բայց այս անգամ էլ Ադրբեջանում նոր ոչինչ չկարողացան հնարել, փոխարենը ապավինելով հին ու փորձված մեթոդներին` մեծախոսությանն ու կեղծարարությանը: Հավանաբար, գլխի ընկնելով, որ Լեռնային Ղարաբաղը վաղը, մյուս օրը նվաճելու մասին ճամարտակումներն ադրբեջանական հասարակությանն արդեն չեն կարող տպավորել, նախագահ Ալիևը դիմեց նոր պոռոտախոսության` այս անգամ մաչոյի դիմակ հագած պահանջեց Երևանը: Ինչո՞ւ չէ, եթե երկու տասնամյակ շարունակ հասարակությանը սնել են Արցախը գրավելու սին խոստումներով, կարելի է մի քսան տարի էլ մոլորեցնել Երևան հասնելու պատրանքով: Միևնույն է, ոչ ոք չի համարձակվի պնդել, թե թագավորը մերկ է, փոխարենը ազգայնական տրամադրությունների աճը կարելի է ապահովված համարել:

Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլի կեղծիքներին, ապա այս օրերին դրանք այնքան շատ են, որ անհնար է, ավելին` անիմաստ է անդրադառնալ բոլոր դրանց, օրինակ կբերեմ միայն մի քանի մարգարիտներ:

Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանում ո՞ւմ էին վստահել Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի քննադատության առաջին ջութակի դերը` նույն այն պատգամավոր Սեիդովին, որին մենք իրականում պետք է շնորհակալ լինենք ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահին հարց տալու համար, որը լիուլի օգտագործվեց Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը այդքան հստակ ու մանրամասն ներկայացնելու համար: Սեիդովը այս անգամ էլ հուսախաբ չարեց: Նրա՝ այսպես կոչված քննադատությունը խիստ «ազդեցիկ» էր ու, ինչպես միշտ, «տրամաբանական ու բովանդակային»: Պարզվում է, ըստ Սեիդովի՝ Հայաստանը մի հրեշ է, որին ծնել է ժամանակակից աշխարհը, և որը մետաստազներ է տվել Լեռնային Ղարաբաղում: Դե իհարկե, նման խորը քննադատությանը ի՞նչ կարելի է պատասխանել:

Ըստ ադրբեջանական մեկնաբանության՝ Հայաստանի նախագահի՝ ԵԽԽՎ-ում և Մյունխենում ունեցած ելույթները ոչ ավել, ոչ պակաս թուլության արդյունք են: Լավ կլիներ, որ ադրբեջանցիները նայեին Մյունխենում ելույթ ունեցած երկրների ցուցակին` դժվար թե թույլերի ակումբի տպավորություն թողներ: Ավելին, Բաքվում պնդում են, թե իբր այդ թուլությունը գալիս է իրենց հաղթանակներից, որոնցից մեկն էլ ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում բոլոր երկրների տարածքային ամբողջականության ճանաչումն էր: Այստեղ են ասել՝ «բա ո՞ւր էիք՝ չկայիք»: Առաջին անգամ եք տեսնո՞ւմ, որ ճանաչվում են երկրների տարածքային ամբողջականությունը: Իրականում դա ստանդարտ ձևակերպում է, որը թափառում է միջազգային մեկ փաստաթղթից մյուսը: Բայց եկեք նայենք, թե բրյուսելյան հռչակագիրը ինչ է ասում հակամարտությունների կարգավորման մասին:

Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագիրը վերահաստատում է նախորդ` Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի տարրերն ու սկզբունքները, որոնցից էր ԵՄ լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը՝ ներառյալ նախագահական մակարդակով և 2009թ.-ից արված նրանց հայտարարությունները: Հայտնի է, թե ինչ բովանդակություն ունեն այդ հայտարարությունները. դրանք ներառում են և՛ ինքնորոշման իրավունքը, և՛ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Պատահական չէ, որ այս ձևակերպման պատճառով Ադրբեջանը Ռիգայում հուսահատ փորձում էր ձախողել հռչակագրի ընդունումը, ինչը հանգեցրեց գագաթնաժողովի աշխատանքների ժամանակավոր ընդհատմանը:

Բրյուսելյան հռչակագրում հակամարտություների հատվածը առավել սեղմ էր, և առանձին հատված նվիրված չէր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, փոխարենը ողջունում էր ԵՄ աջակցությունը գործող բանակցային ձևաչափերին և գործընթացներին: Հայաստանը միշտ էլ ողջունել է Լեռնային Ղարաբաղի բանակցային ձևաչափը` Մինսկի խմբի համանախագահներին, ինչը չի կարելի ասել Բաքվի մասին:

Հավելեմ նաև, որ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց առաջարկություններին ԵՄ աջակցության մասին դրույթն ամրագրված է նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ: Սա է Եվրոպական միության կողմից հիմնահարցի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը: Այլ կարգի պնդումները զուտ շահարկումներ են:

Եվրոպական միության հետ կապված բերեմ կեղծիքի ևս մեկ աղաղակող օրինակ: Վերջերս Ադրբեջանում միմյանց շնորհավորելու համար ևս մի զավեշտալի պատճառ էին գտել: Պարզվում է՝ ԵՄ բարձր հանձնակատար Մոգերինին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է ոչ թե հենց այնպես, այլ «լիակատար», ինչպես նա ասել է Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում` մեծ ուրախություն պարգևելով Բաքվի չկայացած քաղաքական ստրատեգներին: Տեսնես՝ ի՞նչն էր նրանց այստեղ այդքան հուզել, բայց նաև հետաքրքիր կլիներ իմանալ՝ եթե մինչ այս «լիակատար» չէր, ապա տարածքային ամբողջականության ո՞ր մասն էր թերի ճանաչում ԵՄ-ն, և ի՞նչը փոխվեց: Գիտենք, որ Բաքվում չեն սիրում տեքստերը մինչև վերջ կարդալ և բավարարվում են միայն այն մասերով, որոնք շոյում են նրանց բորբոքված երևակայությունը, սակայն չենք կարող չհարցնել՝ իսկ ինչպե՞ս եք, տիկնայք և պարոնայք, վերաբերվում Մոգերինիի նույն ասուլիսի ժամանակ, Մամեդյարովի ներկայությամբ, այս անգամ հենց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հնչեցրած այն մտքին, որ Եվրոպական միությունը լիակատար (զգո՞ւմ եք զուգահեռը) աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկներին: Այն նույն առաջարկներին, որոնք, իմիջիայլոց, որպես հիմնահարցի կարգավորման հիմք են ընդունում ոչ թե մեկ` Ադրբեջանի սիրած տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ երեքը` ներառյալ ինքնորոշման իրավունքը: Այն նույն առաջարկներին, որոնք ամրագրում են, որ Արցախի հետագա իրավական կարգավիճակը որոշվելու է իր ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով: Իսկ ո՞վ է կասկածում, թե ինչ արդյունք կունենա այդ կամարտահայտությունը:

Այս խեղաթյուրումների ցուցակը շատ երկար է, բայց պատճառը, այդուամենայնիվ, մեկն է. անուրջները խորտակվում են, իսկ թագավորի մերկությունը ծածկելը գնալով ավելի է դժվարանում:

ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» 


© 2009 ARMENPRESS.am