Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով

23:08, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ում տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, համաշխարհային կինոյի դասականներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`փետրվարի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ռեժիսորի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական երեկո անցկացվեց, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահը շնորհավորեց ռեժիսորին և պատվո շքանշան հանձնեց  նրան:

«Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Եվ այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաև նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգևել եք հպարտության բազմաթիվ պահեր: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մի ընթրիքի ժամանակ մեր երիտասարդները մոտենում էին մաեստրոյին, նրա հետ էին ցանկանում լուսանկարվել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ ներկա էին նաև բազմաթիվ այլ աշխարհահռչակ գործիչներ: Սա, մաեստրո՛, արդեն այլ մոտեցում է, սա արդեն այլ հարթություն է:

Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Արտավազդ Փելեշյանը շեշտեց, որ մեր երկիրը երկար տարիներ պատերազմական իրավիճակում է գտնվում: Այդ պայմաններում Նախագահը ժամանակ է գտնում կանգնել արվեստագետների թիկունքին և օգնել նրանց: Փելեշյանը խորին շնորհակալություն հայտնեց Նախագահին այդ ամենի համար:

«Ինչ լավ է, որ դու կաք: Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»,-մաղթեց Փելեշյանը:

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը և միջոցառման բոլոր մասնակիցներին իրեն տոն նվիրելու համար:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, շնորհավորելով հոբելյարին, ասաց` ժամանակին մի խոսք էր շրջանառվում այն մասին, որ հայերը զարմանալի առատաձեռն ժողովուրդ են. ամերիկյան կինեմատոգրաֆին տվել են Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինեմատոգրաֆին տվեցին Անրի Վերնոյ, Խորհրդային կինեմատոգրաֆին տվեցին Արտավազդ Փելեշյան:

«Պետք է խոստովանենք, որ Խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային և ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերևս դժվար է գտնել, և, ինչպես մեծ վարպետն է ասում, թեպետ իր ֆիլմերում չկա հայերեն լեզուն, բայց այնտեղ շատ հայկական մտքեր կան»,-շեշտեց նախարարը:

Միջոցառմանը ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի «Մենք», «Կյանք», «Բնություն» կինոժապավենները: Հատվածներ ներկայացվեցին «Գայանե», «Կարապի լիճը» բալետային ներկայացումներից, «Տրավիատա» և «Նորմա» օպերաներից:

Ելույթ ունեցավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Օպերային թատրոնի երգչախումբն ու նվագախումբն ի դեմս Կոնստանտին Օրբելյանի:

Երեկոյի վերջում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը (Գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան) «Տարեդարձ է այսօր» երգով շնորհավորեց Փելեշյանին:

Դահլիճը լեփ-լեցուն էր և հոտնկայս շնորհավորեց վարպետին:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոնմիանգամայն ինքնուրույն աշխարհ է։

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկյանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարպետի հետ պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։

 


© 2009 ARMENPRESS.am