ՀՀ քննչական կոմիտեն պարզում է 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

19:58, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, փետրվարի 23-ի ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում դի կա:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քննչական-օպերատիվ խումբը։

Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել արական սեռի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1992 թ.։ Երիտասարդի գտնվելու վայրն անհայտ էր համարվում հունվարի 30-ից։

Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման արդյունքներով՝ մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքները՝ համակցված գանգուղեղի, կրծքավանդակի, որովայնի փակ բութ վնասվածքներով։ Նախնական տվյալներով՝ երիտասարդի մահը վրա է հասել 48 ժամ և ավելի առաջ, առկա է նեխման գործընթաց։

 


© 2009 ARMENPRESS.am