Համայնքներում 8 խոշոր ծրագիր է իրականացվում. կստեղծվի մոտ 1000 աշխատատեղ

19:56, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքներում ներկայումս ԵՄ-ի հետ 8 խոշոր ծրագիր է իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Այդ ծրագրերի շնորհիվ մոտ 1000 աշխատատեղ կստեղծվի: Օրինակ, Տավուշի մարզում թվով 45 ծրագիր է իրականացվում «Ինտեգրված աջակցություն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին» ծրագրով: 2017 թվականին շուրջ 55 ջերմոցային տնտեսություն է ստեղծվել, 9 գինու արտադրություն, 7 սառնարանային տնտեսություն, չորանոցներ, 27 հա ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկա, ոռոգվող նոր տարածքներ: Սա օրինակ է, երբ մասնավորը համագործակցում է պետության կամ միջազգային կառույցների հետ տնտեսական ծրագիր իրականացնելու հարցում: Այսօր Տավուշի մարզում ունենք 9 ընտանիք, որ ստանալով օժանդակություն, արտադրում են լավագույն գինիների օրինակներ: Դրանց մի մասն արդեն արտահանվել է Ռուսաստան»,- նշեց Լոքյանը:

Նա անդրադարձավ նաև Ամասիայի շրջանին, որտեղ բրդի թելի արտադրության ծրագիր են սկսել, որից հետո նմանատիպ շատ առաջարկներ են եղել են նաև այլ համայնքներից:


© 2009 ARMENPRESS.am