Մարզպետներն ու համայնքներն այսուհետ ունենալու են տարեկան աշխատանքային պլան

19:37, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականին յուրաքանչյուր համայնք ձևակերպել է տարեկան աշխատանքային պլան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նախարարը կարևորեց տարածքային զարգացման այս ուղղությունը և համարեց, որ 2017 թվականն այդ առումով լուրջ փորձաշրջան է։

«2018 թվականից սկսած մենք պետք է չափելի արդյունքներ փոխանցենք և՛ հասարակությանը, և՛ համայնքի բնակիչներին։ Տարածքային համաչափության հիմնական չափորոշիչները մենք ամրագրել ենք տվյալ տարածքում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի չափով: Օրինակ, Շիրակում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը մոտ 2000 ԱՄՆ դոլար է, ինչը շատ ցածր է, Երևանում այն շատ ավելի բարձր է։ Սյունիքում ևս բարձր է, իսկ հանրապետության միջինը 2017 թվականին 3521 ԱՄՆ դոլարի չափով է։ Իհարկե, 2017 թվականի վերջում մեր ՀՆԱ-ն տնտեսական աճով պայմանավորված շուրջ 300 ԱՄՆ դոլարով աճել է, և մենք պետք է կարողանանք 2018 թվականին յուրաքանչյուր մարզի համար ամրագրել, թե ՀՆԱ-ի ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել և տարածքի համաչափ զարգացման արդյունքում ինչ կարգի աշխատատեղեր ունենք։ Այս ամենին հասնելու համար յուրաքանչյուր համայնք ձևակերպել է տարեկան աշխատանքային պլան։ Այդպիսով, հնարավոր է տեսնել տվյալ համայնքի տարեկան աշխատանքային պլանը, ամբողջական բյուջեն, ծախսերը, հնարավոր կլինի տեսնել նաև, թե ինչպիսի զարգացման ծրագիր ունի տվյալ համայնքը։ ՏԱՊ-ի միջոցով հնարավոր է դառնում ծանոթանալ, թե ինչպես է համայնքն իր գույքը՝ շենքը, հողերը տնօրինում, վարձակալություն իրականացնում և դրանց գումարները կառավարում։ Համայնքը կարողանում է ճիշտ կառավարվել, արդյունքում մեծացնում են իրենց գումարները, որոնք էլ ուղղվում են զարգացման ծրագրերի իրականացմանը»,- նշեց նախարար Լոքյանը։

Նրա խսոքով՝ տարածքային կառավարման ռազմավարությունը ընդունելուց հետո, մարզպետներն էլ են ձևակերպել իրենց ՏԱՊ-երը։ Մարզպետի տարեկան աշխատանքային պլանում բազմաթիվ ցուցիչներ կան, որոնք նա պետք է իրականացնի 2018 թվականին՝ մարզում մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների չափը, մարզում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափը, ոչ գյուղական բնակավայրերում աշխատատեղերի ստեղծումը և այլն։


© 2009 ARMENPRESS.am