Դավիթ Լոքյանը համայնքներում ծառայությունների ընդլայնման անհրաժեշտություն է տեսնում

19:05, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համայնքներում գոյություն ունի ծառայությունների ընդլայնման խնդիր, որն աստիճանաբար լուծում է ստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ 

«Մենք համայնքներում ունենք ծառայությունների ընդլայնման խնդիր և այժմ փորձում ենք դա իրականացնել։ Համայնքի ղեկավարը, համայնքն ընդհանրապես, աստիճանաբար պարտավոր են իր հիմնական խնդիրը դարձնել սպորտը։ Պատահական չէ, որ 2017 թվականի ընթացքում 50 համայնք բակային սպորտի օջախ է ստեղծել՝ խաղահրապարակներ, մարզադահլիճներ։ Նոյեմբերյանում, Բերդավանում, Մեծամորում, Կոտայքի մարզի բազմաթիվ համայնքներում, Սյունիքի մարզում համայնքային միջոցներով մենք լավագույն խաղահրապարակներն ենք կարողացել ստեղծել։ Մեծ համայնքային խնդրի հիմքում դրված է այն, որ համայնքը պետք է կարողանա մեծացնել իր ֆինանսական հնարավորությունները, սեփական ռեսուրսները և դրանք ծախսել խիստ կանոնակարգված, մյուս համայնքների համեմատության մեծ ընդհանուր նույնականացման չափորոշիչներով։ Չպետք է այնպես լինի, որ օրինակ՝ աղբահանությունը մի համայնքում մեկ շնչի համար կազմում է 5 հազար, մյուսում՝ 2 հազար դրամ։ Մենք ունենք հանրապետության միջին ծախսի չափ և սա համայնքներին առաջարկում ենք որպես բազիս, որի վրա պետք է կառուցեն իրենց ծախսերը։ Մեկ մանկապարտեզի երեխայի ծախսը նույնպես միջինացված է, հասցված է ոչ պակաս, քան Երևանում մեկ երեխայի ծախսերն են և առաջարկվել է, որ դրանից վերև ծախսերը համայնքներում պետք է չիրականացվեն։ Աղբահանության վճարների, սանիտարական մաքրման միջոցով ծախսային մասը նույնականացվում է և դրանով իսկ հնարավոր է լինում օգտագործել տնտեսված ավելացված գումարները այլ ծառայությունների համար և քաղաքացու համար ապահովել ծառայությունների լայն դաշտ»,- ասաց նախարարը։

Գանձապետարանի 2017 թվականի տվյալներով՝ ՀՀ համայնքները 2016 թվականի համեմատ 4 մլրդ  59 մլն ավելի սեփական եկամուտ են հավաքել։ Սա նշանակում է, որ համայնքներն իրենց տարածքներում 4 մլրդ դրամով ավելի ծախս են իրականացրել։

 


© 2009 ARMENPRESS.am