Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 

18:06, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Անմար կրակի մոտ, ծանոթացավ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդական եղևնի տնկեց Հուշահամալիրի ծառուղում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ Հայաստան ժամանեց փետրվարի 23-ին:

Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Լևան Կակավան, Կենտրոնական  քրեական ոստիկանության դեպարտամենտի պետ Թոռնիկե Մուշուկուդիանին,  այլ պաշտոնատար անձինք:

 «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին ընդունեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծելով  առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Գախարիան համոզմունք հայտնեց, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորեց երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

 


© 2009 ARMENPRESS.am