Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

17:02, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 23-ին ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Իգոր Նազարուկին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը դեսպանի հետ քննարկել է երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Մասնավորապես Սուրեն Կարայանն Իգոր Նազարուկի հետ քննարկել է տրանսպորտային միջոցների հավաքման արտադրամասերի շուրջ համագործակցությունը։ Նշվել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով շուտով Հայաստան կայցելի բելառուսական կողմի աշխատանքային խումբը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ  է եղել ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների ներմուծման փոխարինման գործիքակազմի ձևավորման հարցերին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի և Բելառուսի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել է Բելառուսի զարգացման բանկի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը։


© 2009 ARMENPRESS.am