Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի հետ

16:08, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը փետրվարի 22-ին հանդիպում ունեցավ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցության մասին՝ կողմերն ընդգծեցին, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում, և մատնանշեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը։

Նախարար Գիորգաձեն շեշտեց հայ և վրացի ժողովուրդների մշակութային դարավոր ավանդույթների և պատմականորեն ձևավորված բազմաթիվ ընդհանրությունների մասին:

Անդրադառնալով պատմականորեն ձևավորված եղբայրական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ պետք է լուրջ աշխատանք կատարել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ևս ակտիվանան փոխշփումները։ Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ տարբեր ծրագրերի և նախագծերի շրջանակներում պետք է ավելի հաճախակի կազմակերպել փոխայցելություններ, որոնք հնարավորություն կընձեռեն նոր սերնդին նաև ավելի ավելի լավ ճանաչել մեր երկրներն ու մշակույթները:


© 2009 ARMENPRESS.am