Հայ և օտարազգի լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվեցին մեկ հարթակում

17:06, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Photopodium.com կայքը, որը մեկ հարթակում է համախմբել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հետաքրքիր լուսանկարիչների, տոնում է հիմնադրման տասը տարին: Երևանում կազմակերպված կայքի հոբելյանական ցուցահանդեսին ներկայացվեց ութսուն աշխատանք աշխարհի յոթ երկրից: Լուսանկարներում վառ արտահայտված է մեզ շրջապատող գեղեցիկ, զարմանալի իրականությունը հեղինակների ընկալմամբ: Լուսանկարչական ժանրերի բազմազանությամբ արտացոլված է մոլորակի տարբեր անկյունների գունագեղությունն ու յուրօրինակությունը:

«Photopodium.com  - Մենք 10 տարեկան ենք» ցուցահանդեսը բացվեց փետրվարի 22-ին Թեքեյան կենտրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Photopodium.com-ի ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում են հեղինակներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Հայաստանի մասնակիցների կազմում են  Էդգար Մարտիրոսյանը, Հակոբ Բերբերյանը, Սամվել Սևադան, Վահան Քոչարը, Վիգեն Մնոյանը և այլք:

«Այս ցուցահանդեսը սկզբում ներկայացվել է Մոսկվայում, որտեղ 150 և ավելի նկարներ են ցուցադրվել, այնուհետև` Թբիլիսում, այժմ` Երևանում: Շեշտեմ, որ կայքը լուսանկարիչների հաղորդակցման, փորձի փոխանակման հրաշալի հարթակ է: Ծանոթանալով լուսանկարիչներից շատերի հետ` կապ ենք հաստատել նաև առօրյայում: Այդպես եմ ծանոթացել Ռուբեն Չախմախչյանի հետ»,-նշեց Ենգոյանը:

Լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել էր «Գյումրիում» խորագրով նկարը: Նա  ասաց, որ փոքր էքսկուրսիա կատարելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` հրապուրվել է լուսանկարում արտացոլված  կոմպոզիցիայով և անմահացրել այն: Անդրադառնալով կայքին` լուսանկարիչն ընդգծեց, որ ութ տարի գրանցված է այնտեղ: «Կայքը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող լուսանկարիչներին համախմբել է մի տեղում, և միմյանց գործերին ծանոթանալու, ճանաչելու հնարավորություն է տալիս: Կարծում եմ` այն նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանը»,-շեշտեց Չախմախչյանը: 

Photopodium.com ռուսական լուսանկարչական կայքը հիմնադրել է Վիկտոր Դանիլովը: Այն այլ լուսանկարչական կայքերից տարբերվում է նրանով, որ ցուցահանդեսներ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում: Կայքի միջոցով իրականացվում են անհատական թեմատիկ և այլ ցուցահանդեսներ:

[gallery id= 60370]

© 2009 ARMENPRESS.am