Սփյուռքի նախարարն ընդունել է «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրենին

16:57, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 22-ին ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմի Ազգային վարչության ատենապետ, Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրա գործունեությունը, լիբանանահայ համայնքի կյանքում ունեցած ներդրումը: Հյուրի հետ զրույցում նախարարը կարևորեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Հայաստան՝ նշելով, որ այն երկու երկրների բարեկամության խորացման, գործակցության ընդլայնման նոր հեռանկարներ կբացի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին լիբանանահայ համայնքին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց նաև սիրիահայ համայքնի դժվարություններին, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների տոնակատարություններին:

Հակոբ Հավաթյանը կարևորվեց նաև լիբանանահայ դպրոցների առջև ծառացած խնդիրները և ընդգծեց, որ համայնքի գոյատևման երաշխավորը հենց դպրոցն է: Համաձայնելով հյուրի հնչեցրած տեսակետին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքը պահող երեք հիմնասյուներն են եկեղեցին, դպրոցն ու թերթը: «Այսօր սփյուռքում հայկական դպրոց պահելը հերոսություն է»,-շեշտեց Սփյուռքի նախարարը: Անդրադարձ կատարելով Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեությանը՝ նախարարը նշեց, որ այն խոշորագույն կենտրոն է, և նախարարությունը մեծ սիրով է համագործակցում այս կառույցի հետ :

Երկուստեք  կարևորեցին լիբանահայ  ուսուցիչների վերապատրաստումը, Հայաստանից մասնագետների գործուղումը Լիբանան: Նախարարը հույս հայտնեց, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին կմասնակցեն նաև Լիբանանի հայկական երգչախմբերը:


© 2009 ARMENPRESS.am