Գյումրիում կստեղծվի լոգիստիկ կենտրոն
21:59, 21 Փետրվար, 2018ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կստեղծվի լոգիստիկ կենտրոն՝ ազատ տնտեսական գոտի: Փետրվարի 21-ին Գյումրու քաղաքապետարանում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և իսրայելական «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԻ միջև ի դեմս տնօրեն Հայկ Մաղաքյանի կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Այդ առաջարկով Գյումրու քաղաքապետարանին դիմել էր իսրայելական արդյունաբերական պալատը դեռ անցած տարվա հոկտեմբերին՝ կենտրոնի համար խնդրելով 370 հա տարածք: 335 հա տարածք քաղաքապետարանը տրամադրել պատրաստ է: Այս մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ծրագրի նախաձեռնողները, դեռ այդ ժամանակ արդեն ուսումնասիրելով Գյումրու հնարավորությունը, կենտրոնի համար առանձնացնում էին գլխավորը՝ օդանավակայն ունենալու հանգամանքը: Փոխըմբռնման հուշագիրը դեռ օրենքի ուժ չունի՝ դրա համար անհրաժեշտ է, որ կողմերն իրականացնեն նախապայմաններ, օրինակ քաղաքապետարանը պարտավորվում է կառուցել օդանավակայանից դեպի կենտրոն 14 կմ երկարությամբ ճանապարհ, ՀՀ կառավարությունը ևս որոշակի գործառույթներ իրականացնելու է՝ հարկային դաշտի հետ կապված: Կենտրոնի ստեղծման դեպքում այն կլուծի նաև աշխատատեղերի հարցը: Ճիշտ է, ծրագրի ամբողջական իրականացման դեպքում, նախաձեռնող խմբի տեսլականում մոտ 10 հազար աշխատատեղ է, սակայն սկզբնական շրջանում աշխատատեղերի թիվը քիչ կլինի:
«Այս փոխըմբռնման հուշագրից հետո և՛ կառավարությունը, և՛ քաղաքապետարանն անելիքներ ունեն: 3 ամիս հետո արդեն պայմանագիրը կստորագրվի, եթե կառավարությունն էլ իրականացնի իր պարտավորությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սամվել Բալասանյանը:«Այս տարածաշրջանն ու այս նախագիծն ընդունված և մշակված է այն տրամաբանությամբ, որ այն պետք է ծառայի Եվրասիական միության շուկային, ոչ Հայաստանին:
Շուկան լինելու է ամբողջ Եվրասիական միությունը: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է, Գյումրին ունի օդանավակայան»,-նշեց Իսրայել -Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորը՝ փաստելով, որ ծրագիրը սկսելու համար առկա աշխատուժը բավարար է, բայց ընթացքի ու ավարտի համար նախատեսվում են վերապատրաստման կուրսեր, որոնց համար հրավիրվելու են մասնագետներ: Ծրագրի նպատակն է ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ լոգիստիկ գործառույթ իրականացնող ընկերությունների համար, որոնք գալիս են էլեկտրոնային առևտրի ոլորտից, կամ իրականացնում են փաթեթավորում կամ հավաքում: Դրանք խոշոր միջազգային ընկերություններն են, որոնք ունեն կենտրոններ տարբեր երկրներում և սպասարկում են տվյալ տարածաշրջանները:
Գյումրին ընտրված է Հայաստանում Եվրասիական շուկայի սպասարկման համար: Դեպի Հայաստան ուղղորդվող ընկերությունների մեծ մասը տարբեր երկրներից են, ոչ միայն Իսրայելից:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am