Բարձրագույն կրթության վերաբերյալ օրենսդրական բարեփոխումները նաեւ ամբիոնները երիտասարդ կադրերով համալրելու նպատակ ունեն. Լեւոն Մկրտչյան    

14:32, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումները «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր մտահոգությունն արտահայտեց նախագծում տեղ գտած այն կետի վերաբերյալ, ըստ որի՝  կենսաթոշակային տարիքի գիտնականն այլեւս չի կարող մասնակցել տվյալ  բուհում թափուր տեղերի մրցույթներին: «Միեւնույն ժամանակ նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: Այս ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Այստեղ ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերն ու սուբյեկտիվիզմը: Նաեւ ռեկտորի ազդեցությունն է մեծանում: Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այդ նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է թույլ տալ շարունակել, թե ոչ: Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները, հանձնարարությունները կատարել է, թույլ կտա, եթե չէ, այլեւս թույլ չի տա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը, ով նաեւ իր մտահոգությունը հայտնեց բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելու արգելքի կետի մասին:

«Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև՝ մարդու իրավունքների խախտում», - նշեց Սերգեյ Բագրատյանը՝ ընդգծելով, որ չկա որեւէ հստակ եւ պատճառաբանված կետ նման կադրային քաղաքականություն վարելու մասին:   

ԿԳ նախարարն էլ հստակեցրեց, որ այս ամենը ամբիոնները նաեւ երիտասարդ կադրերով համալրելու նպատակ ունի:

«Ես դասավանդում եմ համալսարանում 1989 թվականից: Ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել դա նվաստացուցիչ: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, շարունակել ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե ավագի»,- նշեց նախարարը՝ հավելելով՝ Աստված երկար կյանք տա ավագներին, բայց մեր ամբիոններում 5-7 տարի հետո գիտնականներ չենք ունենա, որ շարունակեն գործը:

 


© 2009 ARMENPRESS.am