Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկները խիստ նկատողություն են ստացել

09:46, 21 Փետրվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկները խիստ նկատողություն են ստացել։
Գյումրի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստը օրակարգում փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական հնչեցնելն էր։ Էթիկայի հանձնաժողովը, որի կազմի մեջ մտնում են 11 փորձառու բժիշկ անդամներ, բուժհաստատության իրավաբանը ու արհմիության նախագահը, լսեց միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննեց նրանց տված բացատրագրերը։ Հանձնաժողովականները խստորեն դատապարտել են բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։
«Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների հայտարարվել է խիստ նկատողություն։ Իրավական գնահատականից անմիջապես հետո (Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում), էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաև նրանց պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում»,- նշված է Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Փետրվարի 17-ին, ոստիկանության Կումայրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել վեճի բռնվածներից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am