Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ոստիկանության կրթահամալիր

21:48, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները փետրվարի 20-ին այցելել են ոստիկանության կրթահամալիր։ Աշակերտների այցը համատեղ կազմակերպել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողներն ու Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհուրդը։ 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, դպրոցականները հարգանքի տուրք են մատուցել կյանքը հայրենիքին նվիրաբերած և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների հուշակոթողին, այցելել ոստիկանության պատմության թանգարան։

«Ոստիկանության պատմությամբ հետաքրքրված այս աշակերտները վաղվա իրավապահներից են։ 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհրդի համագործակցությունը շարունակական է, նպատակը՝ իրավագիտակից սերունդ կրթելը»,- նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am