ՀՀ սփյուռքի նախարարը տեսաժողով է անցկացրել Եվրոպայի հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

19:26, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 20-ին տեղի է ունեցել տեսաժողով Եվրոպայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հայաստանից տեսակապին մասնակցում էին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ:

Տեսաժողովին Եվրոպայից մասնակցում էին  «Հայկական նորություններ» ամսագրի թղթակից Գրիգոր Ամիրզայանը (Ֆրանսիա), «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա), «Ազատ Օր» օրաթերթի լրագրող Հովսեփ Բարազյանը (Հունաստան), «Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Սոսի Սուսանյանը (Հունգարիա), «Գիբրահայեր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեճյանը (Կիպրոս), «Բարեգործականի ձայն» (ՀԲԸՄ) պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Երնիասյանը (Բուլղարիա), «Վատիկան» ռադիոյի հայկական բաժնի տնօրեն և «Տելեպաս Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Ռոբերտ Աթթարյանը (Իտալիա):

Ողջունելով առցանց հանդիպման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նման ձևաչափով քննարկումները մեծապես կնպաստեն համաժողովի առավել  արդյունավետ ու նպատակային կազմակերպմանը: Նա մասնավորապես նշեց. «Վստահ եմ, որ բոլորդ կմասնակցեք համաժողովին և ձեր հարցադրումներով, ձեր օրինակն ու փորձը ներկայացնելով կնպաստեք համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորմանը: Գիտեմ, որ ձեր լրատվամիջոցները ունեն բազում խնդիրներ, որոնք մենք միասնաբար պետք է փորձենք հաղթահարել: Մենք արդեն միասին 5-րդ անգամ ենք  կազմակերպում լրագրողների համահայկական համաժողովը, գործում է լրագրողների ընկերակցությունը, որոնք միմյանց հետ հաղորդակցվելու և խնդիրներ արծարծելու լավագույն հարթակներ ենԱյս տարի կփորձենք համաժողովը կազմակերպել քննարկումների ինտերակտիվ ձևաչափով: Կարծում եմ՝ ձեր լրատվամիջոցներն այս տարի համակողմանիորեն կներկայացնեն Հայաստանի Հանրապետության վերահաստատման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների և Երևանի 2800-ամյակի միջոցառումները՝ հայոց պետությունն ու  հայ մշակույթը ճանաչելի դարձնելով ամբողջ աշխարհին: Վստահ եմ, որ օբյեկտիվ և պատշաճ կներկայացնեք նաև Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները»:

Քննարկվեցին լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններին և համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

 Կարևորվեց օտար լրատվամիջոցների հայ լրագրողների ներգրավումը համաժողովի աշխատանքներում և համահայկական խնդիրների ներկայացման գործընթացում»:


© 2009 ARMENPRESS.am