Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը

16:21, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հովանու ներքո ստեղծվել են կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների ու կասկադյորների պրոֆեսիոնալ գիլդիաներ: Դրանց առաջնային խնդիրն է լինելու համախմբել կինոմասնագիտությունների ներկայացուցիչներին, արդյունավետ աշխատանքի համար ստեղծել մասնագիտական միջավայր եւ ստեղծագործական մթնոլորտ: Գիլդիաների ղեկավար մարմիններն արդեն ընտրվել են: Անդամակցության գործընթացը սկսվել է: Փետրվարի 20-ին առաջին անգամ դրանց նախագահների մասնակցությամբ հրավիրվել էր համատեղ ասուլիս: 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ գիլդիաների ամբողջական կայացումը կարող է մեծ ազդեցություն ունենալ կինոքաղաքականության գործում: Այն կպաշտպանի կինոմասնագետների շահերն ու իրավունքները, կնպաստի կինոմթնոլորտի ձեւավորմանը, ինչի արդյունքում կունենանք ներկայանալի կինոարտադրություն. «Վերջերս նաեւ մշակվել ու ընդունվել են կանոնակարգերը: Այդ է պատճառը, որ շատերը դեռեւս չեն պատկերացնում գիլդիաների կարեւորությունը կինոարտադրության գործում: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հասկանալի կլինի դրանց արդյունավետությունը: Ճիշտ է՝ շատ մեծ կինեմատոգրաֆիստական երկիր չենք, բայց կարող ենք դառնալ: Փոքր երկրների համար առաջնային է որակյալ կինո արտադրելը, որովհետեւ այն կարեւոր միջոց է եւ զենք: Այնպես որ, գիլդիաները գալիս են ավելի ուժեղացնելու կինոմթնոլորտը»:

Կինոդերասանների գիլդիայի նախագահ Վիգեն Ստեփանյանի խոսքերով` գիլդիաների ստեղծման նպատակը համախմբումն է ընդհանուր գաղափարի ու ստեղծագործական գործունեության շուրջ:

Կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազարյանի կարծիքով, գլիդիաները կինոարտադրությամբ զբաղվող փոքր երկրներին օգնում է զարգանալու:  Ըստ նրա, դրանք արհմիություններ են, որոնք մասնագիտական թեւի մեջ փորձում են պաշտպանություն ստեղծել ու հնարավորություն տալ աճելու. «Նախաձեռնությունը շատ լավն է: Բարի ու ճիշտ հունով առաջ է ընթանում: Հույս ունեմ, որ այդ կառույցը վերջնականորեն կկայանա` հօգուտ բոլորիս»:

Կինոռեժիսորների գիլդիայի նախագահ, ռեժիսոր Միքայել Դովլաթյանն ընդգծում է` այն մեծ նպաստ կունենա ոլորտում գործունեություն ծավալող անձանց միավորելու եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցում:

Կինոսցենարիստների գիլդիայի նախագահ Լեւոն Գալստյանն էլ շեշտեց` մասնակցում է,  որովհետեւ գիտի, որ գիլդիաների ճիշտ գործունեության արդյունքում բարելավվելու է հայկական կինոարտադրության որակը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ կինոնկարիչների գիլդիայի նախագահ Սեդրակ Վելիկոդնին, կինոօպերատորների գիլդիայի փոխնախագահներ Արտո Մելքումյանը, Մկրտիչ Բարոյանը, կինոգետների եւ կինոլրագրողների գիլդիայի նախագահ Րաֆֆի Մովսիսյանը եւ կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը:

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

Մանրամասները «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում


© 2009 ARMENPRESS.am