Հայաստանում կներդրվի անշարժ գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգ

15:24, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կներդրվի էլեկտրոնային աճուրդների համակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Աճուրդների նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ կատարվել են արմատական բարեփոխումներ, ինչի արդյունքում աննախադեպ աճել են պետական գույքի աճուրդային վաճառքի քանակական և որակական ցուցանիշները:

2016-2017 թվականներին վաճառվել է 704 միավոր տրանսպորտային միջոց՝ 164 մլն 165 հազար դրամ ընդհանուր արժեքով: Մրցակցային դաշտի ապահովման շնորհիվ 2017 թվականին տրանսպորտային միջոցների վաճառքի միջին տոկոսը մեկնարկային գնի նկատմամբ կազմել է 117 տոկոս, իսկ 2016-ին՝ 103 տոկոս:

«Իհարկե, աճուրդների կազմակերպման աշխատանքներում կան բացթողումներ, սակայն 2018 թվականի ընթացում ամբողջությամբ մենք դրանք կվերացնենք: Մենք անցնելու ենք էլեկտրոնային աճուրդներ կազմակերպելու գործընթացին»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ 2019 թվականից լիարժեք կգործի էլեկտրոնային աճուրդների մեխանիզմը:

Պետական անշարժ գույքի հաշվառման գրանցամատյանում 2017 թվականին վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք և պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների գույքի կազմում՝ 2705 միավոր անշարժ գույք:

  


© 2009 ARMENPRESS.am