Հայաստանում էապես աճել է միջազգային իրավական փաստաթղթերի թիվը

15:11, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավական համագործակցության 2016-2017 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էապես աճել է միջազգային իրավական փաստաթղթերի թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«ԵԱՏՄ իրավունքների մաս կազմող միջազգային փաստաթղթերի թիվը մեկ տարվա ընթացքում կրկնակի աճել է, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-ն օր օրի ավելի ակտիվ  կարգավորիչ դեր է սկսում խաղալ Հայաստանում»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` Արդարադատության նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցել միջազգային կառույցների հետ՝ թե՛ կազմակերպելով արդարադատության նախարարների տարբեր կոնֆերանսներ, թե՛ մասնակցություն ունենալով այլոց կողմից կազմակերպված միջոցառումներին:

2017 թվականին Արդարադատության նախարարության կողմից կազմակերպվել և անցկացվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, հայ-վրացական իրավական 2-րդ ֆորումը, 41 հանդիպումներ միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Արդարադատության նախարարությունը մասնակցել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններին և նախագծի տեքստի մշակմանը, ինչպես նաև շուրջ 130 բանակցություններին և տեսակոնֆերանսներին:

 Համակարգվել են ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով կոմիտեի աշխատանքները:


© 2009 ARMENPRESS.am