ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը

20:12, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության Ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի տեղակալ Թորսթն Շտոդիկի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրել է ԵԱՀԿ հետ համատեղ իրականացված ծրագրերը, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության կրթական համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված դրական արդյունքները, ինչպես և մի շարք առաջարկներ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: 
Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Թորսթն Շտոդիկը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր աջակցությունը ՀՀ ոստիկանությանը, իսկ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի և կզարգանա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԵԱՀԿ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում:


© 2009 ARMENPRESS.am