Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել

19:15, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը ստամբուլահայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ վճիռ է կայացրել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակ»-ը: 

Պոլսո Հայոց Պատրիարքարանը «Սանասարյան հանը» պետությունից հետ ստանալու հայցով 2014թ-ին դիմել էր Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարան, որը մերժել էր հայցը: Պատրիարքարանը դատարանի որոշումը բեկանելու համար դիմել էր վճռաբեկ դատարան: 

Պետականացվելուց հետո «Սանասարյան հան»-ը երկար տարիներ ծառայել է որպես հյուրատուն: 

«Սանասարյան հան»-ը պատկանել է Էրզրումի հայկական համանուն վարժարանին:

1915թ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո Էրզրումի «Սանասարյան» վարժարանը դադարել է գործել և կառույցը անցել է Պոլսո Հայոց պատրիարքության խնամակալության տակ: Տարիներ առաջ «Սանասարյան հան»-ը պետականացվել էր, իսկ այժմ կրկին վերադարձվել է հայկական համայնքին:

 

 


© 2009 ARMENPRESS.am