Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում

19:02, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դպրոցների կառավարման մեխանիզմը և տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Դպրոցների կառավարման այժմյան մեխանիզմը նախարարին չի գոհացնում, քանի որ, նրա կարծիքով, ստեղծված խորհուրդները իրենց չեն արդարացնում և չեն կատարում այն դերակատարությունը, որը պետք է ունենային։

«Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը պետք է փոխել։ Տնօրենների ընտրության կարգի փոփոխության հետ կապված մենք դրսից խորհրդատվություն ենք ուզել, փաթեթը պատրաստ է և առաջիկայում այն կներկայացնենք ՀՀ կառավարությանը։ Կարծում եմ, որ խորհուրդները պետք է սկսեն աշխատել մեկից ավելի դպրոցների համար, որպեսզի, օրինակ, գյուղապետը հնարավորություն չունենա նշանակելու խորհրդի անդամներ։ Արմատապես պետք է մեծանա դպրոցների տնօրենների անձնական պատասխանատվությունը»,- նշեց Մկրտչյանը և հավելեց, որ տնօրենների թեկնածուների համար նախատեսված պահանջները պետք է փոխվեն։


© 2009 ARMENPRESS.am