Կիրո Մանոյանը առաջիկայում արցախյան հարցում որեւէ տեղաշարժ չի կանխատեսում

18:01, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մինչեւ 2019 թվականի ավարտը Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չի կանխատեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց  լրագրողների հետ զրույցում: Նա մտահոգիչ է համարում արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը:

«Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, որ դրական միտումներ են առկա, սակայն դրան հավատալու հիմքեր չկան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնք չեն խոսում խնդրի կարգավորման պատրաստակամության մասին»,- ասաց դաշնակցական գործիչը:

Հարցին՝ արդյոք հնարավոր է՝ լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսվեն, Կիրո Մանոյանը պատասխանեց՝ մոտ ապագայում ապրիլյան պատերազմի կրկնություն չի կանխատեսում, սակայն ամեն դեպքում հայկական կողմը զգոնությունը չպետք է կորցնի:

Կիրո Մանոյանը չբացառեց նաեւ, որ միգուցե Ալիևը սկսի ավելի լուրջ մոտենալ բանակցություններին:

«Խաղաղ կարգավորում կարող է լինել, եթե միջազգային հանրությունից ութ պետություն ճանաչի Արցախի Հանրապետությունն այնքանով, որքանով Հայաստանն է ճանաչել: Դա կլինի Ադրբեջանի վրա լուրջ ճնշում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ դա կլինի Ադրբեջանի, թե աշխարհի կողմից ճանաչմամբ: Խաղաղ կարգավորումը չի նշանակում, որ պետք է տրվենք Ադրբեջանի կամքին, և երբ նա ցանկանա, խաղաղություն լինի, երբ չցանկանա, չլինի»,- եզրափակեց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am